Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ․ Մեսրոպ Առաքելյան

ԱԺ պատգամավորների կողմից, որոնք այլևս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, ԱԺ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա, նաեւ նշել է. «Նախ, անհասկանալի է նման օրենքի փոփոխությունը իրականացնել արտահերթ նիստով, այն էլ հաջորդ գումարման ԱԺ-ի համար։

Զարմանալի է նաև հիմնավորումը։ Նախ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավել, ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետևաբար ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավել։

Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը վաղը՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Այս նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ 200 հազար դրամով՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 250․000 դրամ:

Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) եւ տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի եւ նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ):

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ սահմանելով 250000 դրամ:

Օրենքի նախագծի հեղինակները՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: Բացի այդ, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել