Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և օրենքով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները, եթե
- տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը.
- տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.
- տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:
Վերջին դեպքից բացառություն է կազմում այն դեպքը, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:
Առաջին երկու դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ երրորդ դեպքում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
«Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավոր համարանիշի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձևը` ոստիկանության պետը»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):