ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել խորհրդատվական աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման հետ կապված աշխատանքների մեկնարկին և դրան հաջորդող սահմանազատմամբ՝ երկու երկրների միջև հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի Մարիա Զախարովան: Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

«Որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, ներկա դրությամբ շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», – ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Դա սահմանի օրինական գրանցման բացակայության հետևանք է: «Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի տարածքներում իրավիճակը անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ և դա սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետևանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, խորացնում է կողմերի փոխվստահության բացակայությունը, դա իսկապես այդպես է », – հավելել է Զախարովան:

Մարիա Զախարովան նաև նշել է, որ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնում է համեմատաբար կայուն: Առանձին միջադեպերն անհապաղ լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ: Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել