«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
«Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ հանձնարարել եմ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․
Բացառել՝
հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,
սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,
տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,
տարածքների աղտոտումը:
Ապահովել՝
տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,
կրակարանների դուրսբերումը տարածքներից,
կանոնավոր աղբահանություն,
կանոնակարգված մուտք և ելք։
Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը»,-նշված է գրառման մեջ: