Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 67 շրջանավարտ 2021թ֊ի հունիսի 26-ին ստացան փաստաբանական գործունեության արտոնագրեր:
ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստով խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին որակավորման բանավոր և գրավոր քննությունները հաղթահարած շրջանավարտներին արտոնագրեր տրամադրելու օգտին:
Ողջույնի խոսքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանական համայնք նոր մուտք գործող փաստաբաններին խորհուրդ տվեց խուսափել կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավվելուց:
«Դուք դժվար քննական գործընթացների միջով անցել, հասել եք այս հանգրվանին և, ինքներդ էլ գիտեք, որ այս համայնք մուտք եք գործել միայն ձեր գիտելիքներով և ջանքերով, այլ ոչ թե կոռուպցիոն սխեմաներով: Եվ հենց այստեղ է, որ պետք է հավատաք՝ առանց կոռուպցիա կյանք կա: Ձեր ավագ գործընկերները, որոնց հետ շփվել եք փաստաբանական դպրոցում միշտ խորհուրդ են տվել ձեզ հեռու մնալ կոռուպցիայից, որովհետև կոռուպցիան ոչնչացնում է փաստաբանի մասնագիտությունը: Եվ միշտ հիշեք, որ ամենակարևոր շարժիչ ուժը ցանկացած ոլորտում բարոյականությունն է: Բարոյական չորս առաքինություններն են՝ խոհեմությունը, արիությունը, արդարությունը և չափավորությունը և ես, որպես ձեր գործընկեր, խորհուրդ կտամ ձեր գործունեության ընթացքում անպայման հետևել այս առաքինություններին»,- նշեց Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանը նաև շնորհակալություն հայտնեց փաստաբանական դպրոցի տնօրենին և ողջ աշխատակազմին՝ երկրի համար ծանր ժամանակաշրջանում ունկընդիրների ուսումնառությունը բարձր մակարդակով և պատշաճ որակով կազմակերպելու համար:
Իրենց նոր գործընկերներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը՝ փաստաբաններին մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ:
«Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի աշխատակազմին, պրոֆեսիոնալ դասախոսական կազմին, որ այս դժվար պայմաններում, առկա և հեռակա ուսման ձևաչափերը համատեղելով, ուսումնական գործընթացը կարողացան ապահովել հավուր պատշաճի: Քիչ հետո դուք կդառնաք փաստաբաններ․ փաստաբանական դպրոցի հետ, խնդրում եմ կապը չընդհատել, թե՛ վերապատրաստման շրջանակներում, թե՛ իրավաբանական կլինիկայի շրջանակներում: Շնորհավորում եմ բոլորիդ, բարի գալուստ փաստաբանական համայնք»,- նշեց Ս․ Բաբայանը:
«Այն հնարավորությունը, որ տվել է ձեզ փաստաբանական դպրոցը, մենք այդ հնարավորությունը չենք ունեցել և ես ամեն անգամ լսարան մտնելիս, բարի նախանձով եմ նայում ձեզ, որովհետև դուք հնարավորություն ունեք լավագույն մասնագետներից ստանալ այն, ինչ այդ մասնագետը ստացել է տարիների ընթացքում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ձեզ, քանի որ ամեն անգամ լսարան մտնելիս ես ինչ-որ բան ձեզ սովորեցնելով, սովորում եմ նաև ձեզանից: Բարի ճանապարհ եմ մաղթում ձեզ»,- իր խոսքում նշեց Կարեն Մեժլումյանը:
Ելույթներով հանդես եկան նաև Փաստաբանական դպրոցի շրջանավարտներ՝ Զարուհի Պապոյանը և Աբգար Պողոսյանը: Նրանք իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին և աշխատակազմին պատերազմյան և համաճարակային պայմաններում ուսումնառության գործընթացի պատշաճ որակով կազամակերպելու համար:
Ապագա փաստաբան Զարուհի Պապոյանը նշեց, որ ուսումնական գործընթացը հիմնված է եղել գիտելիքի և բարեխղճության սկզբունքի վրա և իրենք հնարավորություն են ունեցել ոլորտի լավագույն մասնագետների կողմից ձեռք բերել փորձ և գիտելիքներ:
Աբգար Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով դպրոցի դասախոսական կազմին, նշեց,- «Արժանանում ենք փաստաբանական մեծ ընտանիքի մի մասնիկը կազմելու պատվին: Իրապես հեղինակություն վայելող մասնագիտություն ձեռք բերելը ոգևորող և պարտավորեցնող է: Տարիների պայքարի արդյունք է այն, որ համայնքը անկախ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, ամենաանցնցումն է: Մենք ժառանգում ենք շատ ավելի հարմար մասնագիտական կարգավիճակ, քան այստեղ նստած մեր ավագ գործընկերները, որ այսօր հենց նրանց շնորհիվ հասարակությունը մեծ վստահություն ունի փաստաբանների նկատմամբ: Եվ այդուհանդերձ, մենք եկել ենք ասելու, որ չենք պատրաստվում միայն շարունակել բարի ավանդույթները, մենք ունենալու ենք մեր ձեռագիրը, մեր ուրույն տեղը համայնքում՝ դրական բեկում մտցնելու պատրաստակամությամբ»:
Ելույթներին հաջորդեցին փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման արարողությունները: