Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և Նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։
Երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքը ավարտվել էր հաջորդ օրը՝ այսօր՝ ժամը 19:00-ին կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ:
Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում այսօր նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:
Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից:
Կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն: Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։
Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին հորդորում եմ գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին»: