«Հայաստան» դաշինքի առաջնորդները հանդես կգան համատեղ ասուլիսով

«Հայաստան» դաշինքը հայտնում է.

«Հունիսի 22-ին ժամը 11:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում  տեղի կունենա դաշինքի  առաջնորդների համատեղ ասուլիսը»:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կազմված դաշինքը ստացել է ընտրողների 21․4 տոկոսի քվեն։

Ընտրությունների ավարտից հետո «Հայաստան» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ.

Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:

«Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», – նշված է հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել