ԲԴԽ-ն Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար թեկնածուների է հրավիրում

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթական դատավորների թեկնածություների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններին արտահերթ համալրելու մասին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը։ Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին։

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին:

Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը, արձանագրել է, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը 3 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը 2 թեկնածուով արտահերթ համալրելու անհրաժեշտություն:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի հուլիսի 6-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջին համապատասխանող անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխանող անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Բարձրագույն դատական խորհուրդ

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել՝ 010/ 511-816 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել