Հայկ Ալումյանը վճռաբեկ վարույթի անկանխատեսելի մնալն օրենքի փոփոխության մեջ չի տեսնում

Հունիսի 10-ին և 11-ին տեղի կունենա մի խումբ փաստաբանների գործադուլը: Թվով երկրորդ գործադուլը նախաձեռնել են 45 փաստաբաններ: Նրանք կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց բողոքի ակցիային: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նախապատրաստվելիք գործադուլի մասնակից, փաստաբան Հայկ Ալումյանը:

Գործադուլ նախաձեռնող խմբի փաստաբանների կարծիքով անցյալ տարի նույն օրը տեղի ունեցած առաջին գործադուլից մինչև այսօր իրենց բարձրացրած խնդրին որևէ լուծում չի տրվել. վճռաբեկ վարույթը շարունակվում է անկանխատեսելի մնալ:

«Առաջինը և գլխավորը, որպես բողոքի ակցիա, այդ օրը չենք մասնակցելու դատավարություններին և մեր մասնակցությամբ կատարվող այլ դատավարական գործողություններին, քննչական գործողությունների և երկրորդը` հնարավոր է ասուլիս տանք և մեր դժգոհությունները հրապակավ հայտնենք, որպեսզի հասարակությունը և իշխանությունն իմանա, թե որն է խնդիրը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի կարծիքով` օրենքն այսօր չի արգելում, ավելին՝ պարտադրում է Վճռաբեկ դատարանին գործել կանխատեսելի: Այդ կապակցությամբ կան կայացված օրենքներ և Սահմանադրական դատարանի որոշումներ, բայց Վճռաբեկ դատարանը կանխատեսելի չի գործում: Այստեղ օրենքի չկիրառվելու խնդիր կա, ոչ թե օրենսդրական փոփոխությունների:

Հակառակ այդ կարծիքին` իրենք օրենսդրական առաջարկություններ ներկայացրել են առաջին գործադուլից հետո, սակայն այն ժամանակ էլ նշել են, որ խնդիրն օրենսդրական փոփոխությունների մեջ չեն տեսնում:

«Մեզ դեռ անցյալ սեպտեմբերին՝ մեր գործադուլից հետո, հրամցրին ինչ-որ նախագիծ և առաջարկեցին նույնիսկ մեր առաջարկություններն անել, որոնք իբրև թե օրենք դառնալով կարող էին շտկվել մեր բարձրացրած խնդիրները: Մենք որոշ առաջարկություններ արեցինք, բայց երբ մեզ ներկայացրին օրենսդրական նախաձեռնությունների այն փաթեթը, որը պետք է ներկայացվեր Ազգային ժողովին, հասկացանք, որ մեր առաջարկությունները կամ ճիշտ չեն ընկալվել, կամ ճիշտ էին ընկալվել, բայց աղավաղված ձևով էին ձուլել այդ նախագծերի մեջ»,- նշեց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով` այն այդ բովանդակությամբ նախագիծը, որն այսօր հասել է Ազգային ժողով, որևէ խնդիր չի լուծելու օրենք դառնալուց հետո:

«Նույնիսկ եթե ամենահիանալի օրենքն էլ փորձեն ներմուծել, միևնույն է, այսօրվա մտածողության պայմաններում, եթե այն չփոխվեց, խնդիրը մնալու է»,- վստահեցրեց փաստաբանը, իսկ խնդրի լուծումը ձգձգելու ամեն օրվա հետ մեկ-երկու քաղաքացու ճակատագիր է որոշվում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել