Արման Բաբաջանյանը պարտվել է դատարանում․ հօգուտ Խոսրով Հարությունյանի 400 հազար դրամ կբռնագանձվի

Հունիսի 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը հրապարակել է Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով վճիռը։

Դրա համաձայն՝ Արման Բաբաջանյանը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում հերքել 18․04․2019 թ․ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հրապարակված փաստերը, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Արման Բաբաջանյանից կբռնագանձվի նաև 400 հազար դրամ՝ որպես հատուցում:

Հիշեցնենք, որ 2019 թ․ ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված իր հարցում հայտարարել էր, որ հանձնաժողովը ջրային ռեսուրսներն օգտագործելու արտոնագրեր է տվել նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, արդյունքում համակարգում տեղի են ունեցել օրինախախտումներ և թալան: Որպես իր խոսքերի հիմնավորում՝ պատգամավորը նշել էր Խոսրով Հարությունյանի անունը՝ հայտարարելով, թե իբր առ այսօր վերջինս գործունեություն է իրականացնում այդ ոլորտում և հանդիսանում է ՀԷԿ-ի սեփականատեր:

Խոսրով Հարությունյանը դիմել էր դատարան՝ փաստելով, որ Արման Բաբաջանյանը զրպարտում է իրեն կեղծ լուրեր տարածելով և պահանջել էր դատարանից պարտադրել վերջինիս հրապարակավ հերքել իր կողմից հնչեցրած հայտարարությունները՝ ճանաչելով դրանք որպես իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող:

Շուրջ երկու տարի տևած քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի քննության արդյունքում դատարանը բավարարեց Խոսրով Հարությունյանի հայցն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի։ Քննվող գործով պատասխանող Արման Բաբաջանյանը, որն, ի դեպ, խուսափում էր դատական նիստերին ներկայանալ, ինչպես նաև նրա ներկայացուցիչն այդպես էլ չհիմնավորեցին 2019թ․ ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հնչեցված հայտարարությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել