Բայդենն ու Պուտինը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել՝ կապված ռազմավարական կայունության հետ: Հայտարարության տեքստը հրապարակել են Կրեմլի և Սպիտակ տան մամուլի ծառայությունները:

«Այսօր մենք հաստատում ենք հավատարմությունը սկզբունքին, որի համաձայն՝ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է հայտարարությունում:

Միաժամանակ նշված է, որ СНВ-III պայմանագրի ժամկետի երկարաձգումը ցույց է տալիս միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ընդհանուր մոտեցումը: Բացի դրանից, հայտարարությունում նշված է, որ ապագայում միջուկային պատերազմ թույլ չտալու համար Ռուսաստանն ու ԱՄՆ -ն ռազմավարական կայունության հարցերով երկխոսություն կսկսեն:

«Այդ երկխոսության միջոցով մենք ձգտում ենք դնել սպառազինությունների նկատմամբ հետագա հսկողության և ռիսկերի նվազեցման հիմքերը»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ժնևում ավարտվել էին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները, որոնք տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:

Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի «Լա Գրանժ» վիլայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել