Օկուպացված Շուշիում Էրդողանը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական նախագիծը և աջակցում ենք դրան»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Էրդողանն ասաց, որ այս նախագծի իրագործումը կբացի նոր ընդհանուր միջանցք Արևելքից դեպի Արևմուտք, որը բոլորը կարող են օգտագործել:

«Դա շատ կարեւոր է. չնայած համաճարակին, մենք շարունակում ենք մեր համատեղ ջանքերը՝ զարգացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ », – Էրդողանի խոսքը մեջբերում է APA- ն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ-ն չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։

«Հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերում էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարանցիկ բեռնափոխադրման հարցերի կարգավորմանը: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև սա համարում ենք մեզ համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը: Բայց նաև ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային» որևէ տրամաբանություն: Մենք խոսում ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին:

Ընդհանուր առմամբ մեր տպավորությունն այն էր և շարունակում է այն մնալ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից գլխավորվող եռակողմ հանձնաժողովը բավական արդյունավետ և կառուցողական աշխատանք է տարել, և մնում է այդ աշխատանքների արդյունքներն իմպլեմենտացնելու մասին մտածել: Եվ տարօրինակ է, որ այդ փուլում իրագործվեց այս սադրանքը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել