Մենք որոշել ենք, որ ՔՊ կուսակցությունը հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին․ Փաշինյան

Գիտեք, որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա, և մենք որոշել ենք, որ ՔՊ կուսակցությունը հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում։

Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընթացող հանրահավաքի ժամանակ։

«Ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը (նկատի ունի «Հայաստան» դաշինքին, որը ևս հունիսի 18-ին հանրահավաք է նախատեսել նույն վայրում – խմբ․), որ արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Սա հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու»,-նշել է նա։

Երևանի քաղաքապետարանից Իրավաբան․net-ը տեղեկացել էր, որ ընտրությունների հենց հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, մայրաքաղաքում մի քանի հանրահավաքներ են սպասվում։

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի (Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից ներկայացվել էր իրազեկում՝ հունիսի 21-ին` ժ.10.00-22.00-նՀանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացի Արամ Վարդևանյանի կողմից (ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ) ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին` ժ.00.00-23.00-ն, Ազատության հրապարակում հավաքներ և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել