Վանեցյանն ու Քոչարյանը՝ ընդդեմ օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների

Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած հասարակական կազմակերպություն, որը միջամտում է ՀՀ ներքին գործերին, պետությանը փորձում է թելադրել իր օրակարգը՝ չպետք է տեղ ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին «ԱրմՆյուզ» լրատվականի եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ պետությունը նման դեպքերում պետք է ունենա զսպման մեխանիզմներ։

«Պոպուլիզմը շատ կարճ ժամանակ հետո մուտացիա ապրեց՝ վերածվելով նիկոլիզմի, որի հետևանքները անդառնալի են և աղետալի։ «Ժողովրդավար» երկրներում, որոնցից է ԱՄՆ-ն, կան հստակ օրենսդրական սահմանափակումներ։ ՌԴ-ն նույնպես նույնանման օրենք է ընդունել» ,- ասել է Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ՀՀ-ում գործող օտարերկրյա ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ այսօր խոսել է նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռուբերտ Քոչարյանը։

Նա ասել է․

«Սորոսական գրասենյակների հետ կապված, պետք է օրենքով կարգավորենք։ Ուղղակի կան օրենքներ նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում՝ նման հարցերով զբաղվելու պարագայում։

Մենք ուղղակի օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։ Երկու մոդել կա՝ մեկն արգելում ես, մյուսը՝ իրենք պիտի ընդունեն, որ գործակալ են օտարերկրյա։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, մեր վերահսկողության տակ կհայտնվեն։

Սա է մոդելն այլ երկրներում, որ այսօր կիրառվում է։ Նոր բան հորինել պետք էլ չի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել