Ձեռի հետ շանտաժ էլ կար խոսքում, երևում է, որ Հանրապետական փորձ ունի նաև․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վազգեն Խաչիկյանին

Ալավերդիում «Հայաստան» դաշինքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը՝ դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց.

«Ես կարող էի այսօր այստեղ չլինել և ձեր դատավարությանն էլ չէի մասնակցում մի պարզ պատճառով, որ չասեն՝ էս ովքե՞ր են եկել, նախկինները, կոռուպցիոներները և այլն։ Բայց այսօր ես Գյումրիում էի և պատահաբար հյուրանոցի մի սենյակում էի, որտեղ իմ գլխավերևում Ախթալայի եկեղեցու նկարն էր, մասնակցել եմ մատաղի, դրանից հետո էլ մոմ եմ վառել ու հասկացել եմ, որ այսօր ես պետք է գամ։ Սա արձանագրում համար մեկը, որ ես այսօր այստեղ չեմ որևէ ակնկալիքով, պետական որևէ պաշտոնի կամ քաղաքական որևէ դիվիդենդ շահելու»։

Նա նշեց, որ եկել է ոչ թե հարց տալու, այլ խոստում կորզելու։

«Երբ որ դուք գնացիք Ծաղկաձոր՝ դահուկ քշելու, այն ժամանակ Ծաղկաձորը ոչ մի ենթակառուցվածք չուներ և այդ ճոպանուղուց հետո ինչ զարգացում ունեցավ։ Հիմա Լոռու այս տարածաշրջանն ունի ամենափայլուն հնարավորությունները։ Հիմա Ձեզ ուզում եմ առաջարկ անել, որ մտածում եմ՝ հետո սա կօգտագործեք։

Երբ որ Ռուլի ավազանում Գերմանիայում փակվեցին հանքերը, որովհետև ածխի պաշարները վերջացել էին, իրենք խնդիր ունեին գործազրկության հետ կապված, ոնց որ հիմա մենք ունենք։ Եվ իրանք ի՞նչ արեցին. այդ հանքերը օգտագործեցին տուրիստական նպատակներով։

Ալավերդու դեպքում այդ լքված հանքախորշերը մենք շատ արագ կարող ենք բացել տուրիստների համար, և հանքագործները կարող են դառնալ գիտեր, շատ հնարավոր է, որ մենք պատրաստենք ամենալավ պանիրներից մեկը, որը ստանում են հանքախորշերում»,- ասաց նա։

Արձագանքելով առաջարկին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հետաքրքիր գաղափար է և առաջարկեց այդ նախագծի ծրագիրը տալ։ Իսկ Վազգեն Խաչիկյանը նշեց, որ երկու անգամ՝ 2009 և 2019 թվականներին ներկայացրել են կառավարությանը այս ծրագիրը, սակայն ընթացք չի ունեցել։

«Պարոն նախագահ, դժբախտաբար, Դուք Լոռու այս տարածաշրջանում եկել եք հիմնականում այն ժամանակ, երբ եղել են ընտրություններ։ Հիմա ո՞րն է խոստումը, որ դուք ապագա կառավարությունով նաև գաք այս տարածաշրջան»։

Նա Քոչարյանին հանձնեց ռաֆթինգի տոմսեր՝ ասելով. «Հիմա մեր ցանկությունը և խնդրանքը, որպես ապագա վարչապետ, որ մի գեղեցիկ օր, հունիսյան ընտրություններից հետո գաք և այն, ինչ ասում ենք, Ձեզ ներկայացնենք ծրագրի տեսքով, որ Ալավերդին էլ զարգանա, ինչպես Ջերմուկը, Դիլիջանը և Ծաղկաձորը, Տաթևը»։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Բայց սենց ձեռի հետ շանտաժ էլ կար էլի… Երևում է, որ Հանրապետական փորձ ունի նաև։ Իրոք, ճիշտ գաղափար է, հետաքրքիր էր ինձ համար։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մոտեցում, եթե ծրագրային բնույթ է կրում, և ոչ թե մի հարց է, որ էս պահին լուծեցիր, այլ Ա կետից Բ կետ հասցնելու ծրագիր է, միշտ ավելի հետաքրքիր է, ընդունելի է ինձ համար և կփորձենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել