Իմ պաշտոնավարման ժամանակ դիկտատուրա էր ստի դեմ․ Ռոբերտ Քոչարյան

«Վանաձորցիները մեծ դերակատարութուն են ունեցել իմ կենսագրության մեջ։ 1988 թ․-ին այս հրապարակում ես ընտրվել եմ Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Եղել է ընդամենը մի հանրահավաք։ Ես այն ժամանակ առաջին անգամ էի Վանաձորում։ Հետո վերընտրվեցի 1989 թվականին։ Դա ինձ համար չափազանց կարևոր էր, քանի որ այդ մանդատն ինձ հնարավորություն տվեց Խորհդային ժամանակաշրջանի վերջին տարիներին անվտանգ աշխատել Ղարաբաղում»,- Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Դուք ինձ չէիք ճանաչում այն ժամանակ, բայց երկու անգամ վստահության քվե եք տվել։ Հիմա դուք ինձ ճանաչում եք և կարող եք համեմատել՝ արդյո՞ք 1988 թվականին ճիշտ որոշում եք կայացրել։ Հիմա ես նորից ձեր առջև եմ կանգնած․ վիճակը ծանր է, և ես կրկին դիմում եմ ձեզ վստահության քվե ստանալու համար։

Այսօր խոսվեց նաև դիկտատուրայի մասին։ Իմ պաշտոնավարման ժամանակ եթե նման բան եղել է, ապա եղել է միայն դրված խնդիրը լուծելու համար։ Եթե պարտավորություն ես ստանձնել, ապա պետք է այն կատարես, եթե կա ծրագիր, ապա, քեզ ճղի, բայց պետք է այն իրականացնես։

Պետական համակարգում կարգապահության ու պատասխանատվության դիկտատուրա էր, ինչն այսօր բացարձակապես գոյություն չունի։ Դիկտատուրա էր ստի դեմ։ Ոչ մի պաշտոնյա իրավունք չուներ ստել։ Եվ եթե ուզում եք, որ մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, վստահե՛ք մեզ»,- ասել է Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել