Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա գերեվարված անձանց պահման պայմանների և առողջական վիճակի մասին ոչ մի տեղեկություն չփոխանցեց:
«Սակայն այդ խնդիրները մեր յուրաքանչյուր այցելության առանցքում են, հիմնական նպատակը դա է»,-նշեց Զառա Ամատունին:
ԿԽ ներկայացուցիչն ասաց, որ հայ զինծառայողները կարողացել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
«Նման այցելությունները, թե արդեն հաստատված գերեվարված անձանց և, թե նոր գերեվարված անձանց, նպատակը՝ կարողանանք կանխել մարդկանց անհետացումները, վերահսկել պահման պայմանները»,-ասաց նա:
Զառա Ամատունին նաև նշեց, որ դեռ պատերազմի օրերից գերավարված անձանց, որոնց գերեվարումը հաստատվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, ևս պարբերաբար այցելում են. «Վերջին նման այցելությունը եղել է մայիսի վերջին»: