Իսրայելում «ներքաղաքական դրաման» շարունակվում է․ Արմեն Պետրոսյան

Իսրայելում «ներքաղաքական դրաման» շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Նախօրեին՝ կառավարության կազմավորման մանդատի ժամկետի լրանալուց ընդամենը 35 րոպե առաջ Իսրայելի ընդդիմության առաջնորդ ձախակենտրոն «Յեշ ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը նախագահին տեղեկացրեց, որ իրեն հաջողվել է ձևավորել կոալիցիոն կառավարություն։

Ենթադրվող նոր կառավարության խիստ ուռճացված կազմը և դրանում ներառված մի շարք ռոտացիոն փոփոխությունների(վարչապետի, ԱԳ, ՆԳ, Արդարադատության նախարարի պաշտոնները) վերաբերյալ պայմանավորվածությունները խոսուն փաստեր են կոալիցիայի փխրուն փոխզիջումային հիմքերի մասին, որի «գաղափարական առանցքը» գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերարտադրության հնարավորությունն ամեն կերպ բացառելն է։ Ավելին, անգամ «փոփոխությունների կառավարության» հիմնադիր Լապիդն առաջին 2 տարիների ընթացքում վարչապետի պաշտոնը զիջելու է քաղաքական գործընկեր աջ-ուլտրապահպանողական «Յամինա» կուսակցության առաջնորդ Նեֆթալի Բենեթին։

Մինչդեռ ինչն է ամենաուշագրավը՝ Նեթանյահուն որևէ կերպ չի պատրաստվում հանձնվել։ Մինչև Կնեսեթի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը, Նեթանյահուն և նրա կողմնակիցներն ակտիվ կերպով աշխատում են կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների, հատկապես վերոնշյալ «Յամինայի» անդամների քվեարկության վրա բոլոր հնարավոր միջոցներով ազդելու ուղղությամբ. ի դեպ, արդենիսկ կան որոշակի հաջողություններ։

Եվ ինչն է ուշագրավ, եթե Նեթանյահուին հաջողվի անգամ 1 պատգամավորի համաձայնությունն ստանալ, ապա կոալիցիան կզրկվի անհրաժեշտ ձայների քանակից և ստիպված կլինի դիմել խորհրդարան անցած արաբական կուսակցությունների աջակցությանը, ինչն ավելի կթուլացնի նրա դիրքերը՝ ընդհուպ տապալելով «փոփոխությունների կառավարության» կազմի վերջնական հաստատման քվեարկությունը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել