Օրեր առաջ «Alaska by Hans&Franz» ռեստորանը հյուրասիրության մրցույթ է անցկացրել: Մրցույթում հաղթողները եղել են ուսանողներ Ալլան և Արփինեն: Ռեստորանը նրանց իր հաշվին 15.000 դրամի սահմաններում պետք է հյուրասիրեր:
Ուսանողները Իրավաբան.net–ի հետ զրույցում նշեցին, որ իրենք փորձել են հնարավորինս չհատել հյուրասիրության գումարի սահմանը և այդ առումով փորձել են ստանալ ռեստորանի մատուցողի խորհրդատվական աջակցությունը:
«Պատվերը տալուց մենյուի մեջ ցույց ենք տալիս «Ապերոլ» խմիչքը, որը արժեր 1800 դրամ։ Ռեստորանի սպասարկող աշխատակիցը տեղեկացրեց, որ կարող է բերել «Ապերոլ շպրից», որի նկարագրությունը չկար մենյուում՝ և առանց հաճախորդներին տեղեկացնելու, որ իրենց «Alaska by Hans&Franz» ռեստորանի մենյուում փոփոխություններ են եղել, տվյալ խմիչքի նկարագրությունը չկա մենյուում և այն արժի 4500 դրամ` ցուցաբերելով ակնհայտ ոչ պրոֆեսոնալ և բարեվարք մոտեցում, փաստացի միտումնավոր մոլորության մեջ է գցել հաճախորդներին` հավելյալ գումար ստանալու նպատակով: Ընթրելուց՝ հյուրասիրությունից օգտվելուց հետո, աշխատակիցը պահանջում է վճարել 7000 դրամ հավելյալ գումար»,-պատմում են նրանք:
Նրանց խոսքով՝ վճարել են գումարը, քանի որ այդ դեպքում հարցը գումարը չէր և ցանկանում են «Alaska by Hans&Franz» ռեստորան հաճախող անձանց տեղեկացնել, որ ռեստորանի սպասարկումը թերի է, սպասարկող և հսկող անձնակազմի այն ներկայացուցիչները, որոնց հետ առնչվել են ուսանողուհիները, ունեն պրոֆեսիոնալիզմի և բարեվարքության լուրջ պակասորդ: Ավելին, հաճախորդներին մանիպուլյացիայի մի ենթարկենք` նշելով, որ այդ նվեր քարտը ոչ թե պետք է օգտագործվեր ամբողջական հյուրասիրության վճարման համար, այլ այն ընդամենը պետք է ծառայեր, որպես զեղչի քարտ, սակայն, մրցույթի ընթացակարգի և պայմանների մեջ նման պայման նախատեսված չէր։
«Մի կատարեք թերի, ոչ պրոֆեսոնալ և ոչ բարեվարք աշխատանք, գցելով մեր երկրի ռեստորանային ոլորտի անունը։ Բարի եղեք հյուրասիրություն կազմակերպել պատշաճ և ազնիվ` չհետապնդելով, նույնիսկ հյուրասիրությունից, գումար աշխատելու նպատակ: Վատ դրության մեջ մի դրեք հաճախորդին, ով առաջին անգամ է ձեր ռեստորանում և մշտական հաճախորդ չէ, որին, «Alaska by Hans&Franz» ռեստորանի աշխատակիցների բնորոշմամբ, «չի հետաքրքրի արժեքը»»,-նշում են ուսանողները:
Իրավաբան.net–ը փորձեց «Alaska by Hans&Franz» ռեստորանի պատասխանատուից տեղեկանալ դեպքի մասին: Մեզ հետ զրույցում Նաիրա Պողոսյանն ասաց, որ հաճախորդները պատվերներ են արել և գինը իրենց չի հետաքրքրել:
«Մատուցողը պարտավոր չի ասել, թե որն ինչ արժե: 15 հազար դրամից ավել ինչ պատվիրեին պետք է գումարը վճարեին»,-նշեց ռեստորանի աշխատակիցը:
Նրա խոսքով՝ պետք է հաճախորդները հասկանային, արդյոք իրենց ուզած «Ապերոլի» գինը տեղավորվում է այդ 15 հազար դրամի մեջ:
«Մարդկանց հաճելի անակնկալներ ենք արել, հիմա խնդիրների առաջ ենք կանգնել: Եթե իրենք մտադիր չէին ոչինչ ավել վճարել, պետք է 15 հազար դրամի սահմաններում հյուրասիրվեին, գնային»,-ասում է Նաիրա Պողոսյանը:
Լուսանկարը՝ «Alaska by Hans&Franz» ռեստորանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: