Հայ-ռուսական համալսարանը սառեցնում է մասնակցությունը բուհերի ռեկտորների խորհրդում

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել սառեցնել ՀՌՀ-ի մասնակցությունը «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում։ 

Այս մասին հայտնում են համալսարանից։

Վերոնշյալ որոշումը կայացվել է արձանագրելով «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ հիմնադրման նպատակների և գործառույթների անհամապատասխանությունը բուհական արդի խնդիրներին, փաստելով վերոնշյալ հասարակական կազմակերպության՝ բուհական ինքնավարության չափորոշիչների հաստատման և դրանց պաշտպանության գործում դրսևորած անարդյունավետությունը, որի արտացոլումն է արդեն երկար տարիների ընթացքում շրջանառվող և վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքում այդ ինքնավարության ոտնահարման բացահայտ դրույթները, կարևորելով ՀՀ բուհական և համալսարանական համակարգերի հետագա զարգացման առաջնահերթությունների վերագիտակցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով վերը նշված հասարակական կազմակերպության նախկինում իրականացված գործունեության նկատմամբ համալսարանական լայն հանրության կողմից վստահության ոչ բավարար աստիճանը, ինչպես նաև վերահաստատելով Հայ-Ռուսական համալսարանի սկզբունքային դիրքորոշումը համալսարանների ակադեմիական  ազատության և ինքնավարության՝ որպես երկրի զարգացման կարևորագույն չափանիշների մասին։ 

Բացի այդ՝ ՀՌՀ-ի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դիմել Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության մյուս անդամներին՝ կազմակերպության լուծարման և դրա փոխարեն նոր՝  ակումբային սկզբունքների վրա հիմնված կառույցի հիմնադրման առաջարկով, որում անդամակցությունը չի սահմանափակվելու միայն պետական բուհերով։ Հայ-Ռուսական համալսարանը վերահաստատում է իր անվերապահ սատարումը երկրում ակադեմիական  ազատության և բուհական ինքնավարության սկզբունքներին։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել