Ադրբեջանը պատերազմին պատրաստվել է 16 տարի, Հայաստանը՝ երկու․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի «կանխատեսումների» մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ այսօր՝ մայիսի 29-ին, հանդիպում է վարչական շրջաներում իր համակրների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամների հետ։

Նուբարաշեն վարչական շրջանում նրա հետ էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իրենց ուղղված քննադատությունները չեն վանում իրենցից, պատյանի մեջ չեն փակվում, որ այդ մեղադրանքներից պաշտպանվեն։

«Բացարձակապես, մենք այդ մեղադրանքներն ընդունում ենք և փորձում ենք այդ մեղադրանքների հիմնավորումը լսել»,-ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց թիմը վերջին տարիներին Հայաստանում ահռելի փոփոխություններ է կատարել։

«Զինված ուժերում մենք վերջին 3 տարվա, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, արվել են այնպիսի ծավալների փոփոխություններ՝ սկսած սպառազինության ձեռբերումից, վերջացրած զինվորականների աշխատավարձերից, զինծառայողների սոցիալական երաշխիքներից, շարունակած սննդով, հագուստով, և այլն։  Եթե այդ փոփոխությունների տեմպի 1/3-ը նախորդ 30 տարվա ընթացքում գոյություն ունենար՝ մենք 2020 թվականին կունենային բոլորովին ուրիշ վիճակ։

Մեր պրոբլեմները 2020 թվականին հասել են կուլմինացիայի և այդ պրոբլեմները 2020-ին կուլմիանցիայի հասել են ոչ թե այն պատճառով, որ մենք ենք իշխանության, այլ պարզապես մեր իշխանության տարիների հետ է համընկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ բանակցությունները կանգնած են և լավատեսության հիմք չեն տալիս և երկրորդը՝ այլևս չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանն ուխտադրուժ ձևով չի փորձելու լուծել Ղարաբաղի հարցը։

«Այսինքն, 2018 թվականին մենք ունեցել ենք այս վիճակը․ բանակցությունները ձախողված են, նախապատերազմական իրադրություն է։ Ընդ որում, մենք բոլոր հնարավոր ձևերով առաջինը փորձել ենք բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց, առաջարկելով կառուցողական բանաձևեր, և երկրորդը՝ արել են առավելագույնը, որպեսզի Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի։ Ստացվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը՝ 2 տարի և սա ճշմարտություն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել