Պետք է խթանել կանանց ակտիվությունը տնտեսական ու մյուս ոլորտներում․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սյունիքում մայիսի 14-ի փաստահավաք աշխատանքերի ժամանակ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ այցելեցինք Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ և Վերիշենում նույն հիմնադրամի սոցիալական ձեռնարկություն, որոնք կանանց աշխատանքի ու տնտեսական զարգացման հաջողված օրինակ են:

Հաճելի էր տեսնել, որ կենտրոն իմ վերջին այցից հետո, չնայած պատերազմին, ոլորտներն ընդլայնվել են` ներառելով անգամ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանանց:

Շնորհակալություն Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանին, կենտրոնի աշխատակիցներին ու շահառուներին կարևոր ջանքերի համար:

Պետք է խթանել կանանց ակտիվությունը տնտեսական ու մյուս ոլորտներում: Դա հասարակության ու պետության զարգացման համար կլինի միայն օգտակար։

Պայմանավորվեցինք Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությամբ համատեղ միջոցառումների մասին:
———–
Այցի պաշտոնական հաղորդագրությունը`

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 14-ին Սյունիքում Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելեց Գորիսում գտնվող Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, ինչպես նաև Վերիշեն բնակավայրում գտնվող հիմնադրամի սոցիալական ձեռնարկություն, որն ուսումնական կենտրոն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար։

Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Պաշտպանին ներկայացրեց կանանց, այդ թվում` տնտեսական կարողությունների զարգացման ծրագրերը:

Մասնավորապես, քննարկվեց Goris Handmade-ը, որն արտադրում է բարձրորակ, 100% բնական բրդից իրերի լայն տեսականի, ներառյալ՝ գորգեր, բարձեր, ծածկոցներ և ավելի քան 50 տարբեր խաղալիք կենդանիներ:

Ռուզաննա Տոռոզյանը նշեց, որ հիմնադրամի շահառուների թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք, որոնք անցնում են ուսումնառություն և ստանում նոր մասնագիտություն՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար (ձեռարվեստ, խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում և այլն)։

Քննարկումների ընթացքում հիմնադրամի տնօրենը նշեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի աջակցության և համայնքապետարանի հետ համագործակցության մասին: Նշվեց նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կարևոր աջակցության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր գնահատեց կանանց կարողությունների զարգացման նման ծրագրերը, քանի որ կանանց ակտիվ գործունեությունից է կախված նաև երկրի զարգացումը։

«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,- նշել է Արման Թաթոյանը։

Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել նաև կանանց ներգրավվածությունը տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում խթանելուն ուղղված համատեղ միջոցառումներ` Գորիս համայնքապետարանի հետ համագործակցությամբ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել