Արա Զոհրաբյանը Փաշինյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազին

«Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց։ Ինչպես որ նախապես հայտարարել էինք, մենք Նիկոլ Փաշինյանի արարքում հանցակազմ ենք տեսնում, քանի որ նա 2021թ․ ապրիլի 25-ից հետո, վարչապետի լիազորություններ չունենալով, իրեն է պահել վարչապետի լիազորությունները, ինչը համարվում է ծանր հանցագործություն։ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսված այդ արարքի համար»,- այս մասին դատախազության շենքի առաջ լրագրողներին ասաց Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը չէր ծագի, եթե Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում չփորձեր ՀՀ անունից ստորագրել Ադրբեջանի հետ սահմանազատման համար հիմք ստեղծող այդ փաստաթուղթը։

«Խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն և այդ պատճառով է հրաժարականը ներկայացրել։ Եվ այս ժամանակահատվածում նման կարևոր փաստաթուղթ ստորագրելը կարծում եմ՝ ուղիղ հակասում է Հայաստանի շահերին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և 5165 շարժման համատեղ հանրահավաքի ժամանակ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը պահելու (յուրացնելու) արարքի կապակցությամբ:

Դատախազին ներկայացված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

« 1. Հանցագործության մասին հաղորդման փաստական հանգամանքները.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել:
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանի 2021թ. ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանը 25.04.2021 թվականից հետո շարունակել է իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները, իրեն համարելով վարչապետ (Տես օրինակ՝ 21.05.2021թ. 550-Ա որոշումը և 25.04.2021 թվականից հետո ընդունված այլ որոշումները):

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին առնչվող փաստաթուղթ:

2. Հանցագործության մասին հաղորդման իրավական հիմքերը և հիմնավորումները.

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, ՎԱՐՉԱՊԵՏԻ, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ինչպես տեսնում ենք սահմանադիրն օգտագործել է «Թափուր մնալ» բառերը և վարչապետի հրաժարականը դիտարկել է թափուր մնալու դեպքերի թվում: Հետևաբար, վարչապետի հրաժարական ներկայացնելու պահից վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ Է:

Ըստ Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» «թափուր» բառը նշանակում է՝ դատարկ, ազատ, չզբաղեցրած, որտեղ ոչինչ չկա, անմարդաբնակ, ամայի:

Վարչապետի հրաժարականի դեպքում, վերջինիս պաշտոնը համարվում է թափուր, այսինքն ազատ, հետևաբար նա չի կարող շարունակել վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարումը: Կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետերը և նախարարները, շարունակում են ժամանակավոր պաշտոնավարել:

Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածում թափուր մնալու դեպքերի շարքում վարչապետի հրաժարականի դեպքը չնշելը, որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝

9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին.
40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը:

Օրենսդրության մեջ էլ նման իրավիճակներում թափուր պաշտոնների հետ կապված կարգավորումները խոսում են հենց այս տրամաբանության մասին:  Օրինակ՝ ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ԱԺ նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: ՀՀ նախագահի հրաժարականի  դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Այս պայմաններում, մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Քննարկվող դեպքում մեր կարծիքով առկա են քրեական գործ հարուցելու և հիմքը և առիթը: Հանցագործության մասին հաղորդումը չունի վերացական բնույթ, ներկայացված փաստական հանգամանքները իրենց բնույթով բավարար են հանցագործության հատկանիշների առնվազն արտաքին հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար:

3. Պահանջը
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182 հոդվածով՝ խնդրում ենք՝ հարուցել քրեական գործ վերը ներկայացված փաստերի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել