ԱԳ նախարարի տեղակալը ԵԽԽՎ զեկուցողին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), ով զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորեց միջազգային կառույցների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով:

Երկուստեք ընդգծվեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի համարվեց Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը:

Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի համարեց միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել