Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Գազայի հատվածում լրագրողներին պաշտպանելու համար։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսօր՝ մայիսի 16-ին, միջազգային կազմակերպությունը կհանդիպի Անվտանգության խորհրդին՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը:
Դիմումը կապված է մասնավորապես այն փաստի հետ, որ իսրայելական ավիահարվածը հանգեցրեց Գազայի բազմահարկ շենքի լիակատար փլուզմանը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, ներառյալ՝ «Al Jazeera»-ն, «Associated Press»-ը:
«Հարձակումների կապակցությամբ IFJ- ն Իսրայելի իշխանություններին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին նամակ է ուղարկել` պահանջելով դադարեցնել դիտավորյալ և համակարգված հարձակումները լրատվամիջոցների և լրագրողների վրա», – հայտարարում է IFJ- ն:
Կազմակերպության տվյալներով ՝ Գազայում ձերբակալվել կամ հարձակման են ենթարկվել ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչներ: IFJ- ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանգերը Իսրայելին մեղադրել է միջազգային պարտավորությունները խախտելու մեջ և կոչ արել դադարեցնել ԶԼՄ-ների վրա հարձակումները: