Մեր դիրքային վիճակը շատ ավելի բարելավվել է, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել․ քաղաքապետ

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանցիները ՀՀ սահմանի որոշ հատվածներում հետ են քաշվել։

«Դուք տեղյակ եք, որ ՌԴ ներկայացուցիչները հայտարարել են, որ երեկ հեռախոսային խոսակցության ընթացքում ես ՌԴ նախագահից ռազմական օգնություն չեմ խնդրել, չնայած որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է։ Ինչու՞ ես նման խնդրանքով չեմ դիմել, մի պարզ պատճառով։ Նախ առաջին՝ մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական, ՌԴ նախագահն ասել է՝ ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին, և կա շատ ավելի կարևոր մի հարց, որ երեկ երեկոյան արձանագրվել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է կատարեն այդ գործողությունը։ Այսինքն՝ հեռանան ՀՀ սահմանից անդին, լքեն էն տարածքները, որոնք պետք է իրենք լքեին։ Ես ուզում եմ ասել, որ վերջին օրվա ընթացքում, այսինքն՝ երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ։ Այսինքն՝ կան տեղեր, կան կետեր, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ-երը լքել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ, ով ասաց, որ Վարդենիսի հատվածում որոշ տեղեր դիրքային փոփոխություններ եղել են։

«Դեպի մեզ ոչ մի առաջընթաց չի եղել։ Որոշակի հատվածներում փոփոխություններ եղել են։ Մեր դիրքային վիճակը շատ ավելի բարելավվել է։ Որոշ հատվածներում հետ են քաշվել։ Դա երևի կապված է մեր ուժերի ուժեղացման հետ»,- նշեց քաղաքապետը։

Մենք նաև կապ հաստատեցինք Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ, ով ասաց, որ Սև լճի հատվածում այն իրավիճակը, որը եղել է նախորդ օրը, շարունակում է մնալ նույնը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել