Կարող է ուղղակի հետ գնաք ոչ այնքանով, որքանով որ եկել եք․ Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանցիներին

Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե ինքը կամ իրենք մարսել են Արցախի օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով նա կարող է դատապարտվել։ Այս մասին խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց Էդմոն Մարուքյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ դա պատրանք է, որը ժամանակավոր բնույթ է կրում․ «Մարդը, երբ էյֆորիայի մեջ է ընկնում, սկսում է սխալը սխալի վրա թույլ տալ։ Առաջին սխալը նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը չկատարելը և հայ ռազմագերիներին չվերադարձնելն էր։ 2-րդը՝ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է կանգնեին այն հատվածներում, որտեղ որ պատերազմը կանգ էր առել, երբ հայտարարվել էր հրադադար»։

Մարուքյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս «վերցնել այդ սխալները և պատժել Ադրբեջանի իշխանություններին, որի արդյունքում պատժվելու է նաև ադրբեջանցի ժողովուրդը»։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ կառավարության, պետության գործողությունները ամբողջությամբ համահունչ են իրավիճակին և ադեկվատ են։ Ամեն դեպքում, Մարուքյանը նշում է՝ իրավիճակից խաղաղ դուրս գալու հնարավորություններ դեռ կան ՀԱՊԿ-ի և միջազգային գործընկերների օգնությամբ։

«Ես հասկանում եմ, որ ադրբեջանական կողմը քայլ է արել, առաջ է եկել։ Հաղթած կողմ է ու երբ բոլորը ասում են՝ հետ գնա, չգիտի ոնց հետ գնա, exit (ելք) չունի։ Չգիտի՝ ինչ անի, ոնց անի, որ հետ գնա ու խայտառակ չլինի։ Բայց ես ուզում եմ ասել, որ ավելի խայտառակ հետևանքներ կարող են լինել։ Կարող է ուղղակի հետ գնաք ոչ այնքանով, որքանով որ եկել եք։ Ավելի լավ է ասեք, որ խառնել էիք քարտեզները ու հետ գնաք։ Ակնհայտ է այդ սիգնալը, որ եկել են ու չգիտեն՝ ոնց հետ գնան»,-նշել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել