ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:
«Դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: