Կառավարության անդամներից ոչ մեկը ներկա չէ ԱԺ արտահերթ նիստին

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Արման Աբովյանին, թե պետական գերատեսչություններից ովքե՞ր են հրավիրված եղել և ի՞նչ հիմնավորմամբ են բացակայում։ «Ես միայն տեսնում եմ Արտաքին գործերի փոխնախարարին այստեղ»,- նշեց պատգամավորը։

Արման Աբովյանը պատասխանեց․
«Թե ինչ հիմնավորումներով են բացակայում, ես տեղեկություն չունեմ, հրավիրել ենք ՊՆ-ից, հրավիրել ենք ԱԱԾ-ից, հրավիրել ենք բոլոր այն գերատեսչություններից, որոնք պատասխանատու են։ Ուզում էինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հրավիրեինք, տեղեկացանք, որ այստեղ չեն։ Բայց հիմնական ուժային այն կառույցները, որոնք պատասխանատու են, նրանք հրավիրված են»։

Թագուհի Թովմասյանը խնդրեց, որ Ալեն Սիմոնյանը տա որևէ մեկնաբանություն, թե գերատեսչությունների ներկայացուցիչներն ինչու՞ ներկա չեն, ինչի ի պատասխան, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Տեղեկացնեմ ձեզ, որ խորհրդի ընթացքում որոշվել է դիմել կառավարությանը՝ նշելով, թե պարոն Աբովյանի կողմից ներկայացված փաստաթղթի առնազն երեք գերատեսչության որ ներկայացուցիչը այս պահի դրությամբ ֆիզիկապես հնարավորություն կունենա, ներկա գտնվի նիստին։ Ինչպես նաև տվել ենք հնարավորություն, որ իրենք որոշեն, թե ով կգա, որովհետև կարևոր է մարդը, որ կգա այստեղ, նաև տեղեկատված լինի, որ կարողանա մեզ տվյալներ ներկայացնել։ Եվ ես չեմ բացառում, որ մեր գործընկերները նիստի ընթացքում կհյուրընկալվեն այստեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել