Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրադրության առնչությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին, ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը: Առաջին հերթին հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: