Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել եւ ընդունել իրականությունը։

Ալիեւենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ եւ պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով։

250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ եւ փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են՝ էնպես էլ գնան։

Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար։

Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սեւ լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին։

Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։

Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։

Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող»։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ավելին վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», – ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել