Գոնե բարձրաձայնելով, այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ահազանգեցի, որ թշնամին 3կմ հատել է պետական սահմանը և իմ անհանգստությունը հայտնեցի, քանի որ իրավիճակը մտահոգիչ էր։ Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ «կեղծիք» տարածելու մեջ և լուտանքների միջոցով փորձեցին թաքցնել իրավիճակը, բայց երբ արդեն անհնար էր հերքել փաստը, անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց ու դիմեցին ՀԱՊԿ-ին։

Ինձ համար բոլոր լուտանքները հավասար են զրոյի, երբ գիտեմ, որ գոնե բարձրաձայնելով, այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին։ Իսկ եթե արդյունքում նաև հնարավոր լինի հետ բերել Սև լիճն ու զգոնությունը մեծացնել, կնշանակի, որ այս հարցում իմ պարտքը մասամբ կատարել եմ»։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ավելին վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», – ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել