Համոզված եմ, որ սա ժամանակի հարց է․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը համոզված է՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինչպես գիտեք, այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացը օգնելու է, որպեսզի խնդիրը ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ, որ սա ժամանակի հարց է»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ․ «Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի: Քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացությանը, որ ճիշտ է 2-րդ, ոչ թե 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելը, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին: Հոդվածների մեջ խորանալ պետք չէ։ Անվտանգության սպառնալիք է ստեղծվել, և այն չեզոքացնելու համար 2-րդ հոդվածով ենք դիմում։ Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա: Խորհրդատվություններից, քննարկումներից հետո հույս ունենք, որ մոտ օրերս արձագանք կլինի»,-նշել է նա։

Անդրադառնակով հարցին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է մտնել Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-նշեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ավելին վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», – ասվում է Կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել