Վերջին օրերին Երուսաղեմում և Սուրբ Երկրում ստեղծված լարվածության հետևանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։
«Համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ»,- նշեց նա:
Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ այս օրերին կանոնավոր կերպով կատարվել են եկեղեցական բոլոր արարողությունները, կրթական հաստատություններում շարունակվել են դասընթացները: Պատրիարքությունում բոլոր գրասենյակները շարունակում են իրենց աշխատանքը:
«Ակնկալում ենք, որ կողմերը բանակցության ճանապարհով արագ կհասնեն խնդրի հանգուցալուծման:
Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետը: