Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գազայի հատվածում զոհերից մի քանիսը թունավոր գազերից խեղդման նշաններ են ցույց տվել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նախարարությունից հայտնում են, որ զոհերի մարմինները տեղափոխվել են Ալ-Շիֆա բժշկական կենտրոն:
«Պաթոլոգի կողմից հետազոտությունից հետո պարզվեց, որ մահվան անմիջական պատճառը խեղդումն է, կան նաև հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս թունավոր գազերի ներշնչման պատճառով խեղդվելու հավանականությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների: