Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար նախնական գրանցում է անցել 68 531 քաղաքացի (մայիսի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ):
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Նախնական գրանցումը մեկնարկեց ապրիլի 19-ին երկրում պատվաստվելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակի մասին տեղեկություն ստանալու նպատակով:
Քաղաքացիները նախնական գրանցման հարթակում հնարավորություն ունեն ընտրել միանգամից 3 տեսակի պատվաստանյութ:
Քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնել պատվաստվել Pfizer տեսակի պատվաստանյութով, որին հաջորդում են Moderna-ն և AstraZeneca-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստումը մեկնարկեց մարտի 15-ից: 55 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով: Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: