Սպանվածը ոչ թե շուն է եղել, այլ՝ առյուծ, քանի որ «մռնչալու» ունակություններ է ունեցել․ դատարանը արդարացրել է մայր շանը սպանած նախկին պաշտոնյային

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանին, որը մեղադրվում էր կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Զոյա Զաքինյանը Աղաջանյանին արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով։

Դատավճռի մեջ նշվել է, որ կենդանու մահը վրա է հասել անմիջապես` հրացանից շան գլխին արձակված մեկ կրակոցով: Այդ մասին են վկայում թե գործի տվյալները, թե «Գետափ» ռեստորանային համալիրից առգրավված տեսանկարահանում կատարող տեսախցիկների հիշողության կրիչի 9 վայրկյան տևողությամբ տեսագրությունը: Սակայն դատավորը նշել է, որ վարույթ իրականացնող մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ տվյալ կրակոցը կենդանու համար եղել է դաժան կամ ցավոտ մահվան պատճառ:

«Դեպքին ականատես անձանցից որևէ մեկը կենդանուն տանջվելիս չի տեսել: Դեպքի վայրից չի առգրավվել շան մարմինը, որևէ հարցի կապակցությամբ փորձաքննություն չի նշանակվել: Պարզված չեն կենդանու մահվան պատճառը և հանգամանքները: Դեպքի վայրի զննության արձանագրությամբ ընդամենը նշված է, որ շան գլխի հատվածում առկա է հրազենային կրակոցից առաջացած անցք: Չի նշվել գլխի վրա հրազենից առաջացած անցքի տեղակայումը, վնասվածքի չափերը, չկան արյան հետքերի վերաբերյալ տվյալներ»,-նշվում է դատավճռում:

Սուրեն Աղաջանյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ «շատ կենդանասեր է, իր ռեստորանային համալիրի տարածքում ունի կատուներ, շներ, ձիեր»:

Վականերից մեկը նշել է, որ շունը բերանը բացած մռնչում էր և հարձակվելով` գալիս էր իր վրա, ինքը սկուտեղով հարվածել է ու բարձր գոռացել, իր ձայնից իրեն է մոտեցել Սուրիկ Աղաջանյանը։ Եթե ինքը չխփեր` շունը կկծեր իրեն:

Գործով վկա, «Գետափ» ռեստորանի աշխատակից Անժելա Մուկուչյանի ցուցմունքից ստացվում է, որ սպանվածը ոչ թե շուն է եղել, այլ՝ առյուծ, քանի որ «մռնչալու» ունակություններ է ունեցել։

«Նկատել է, որ ուր գնում է` շունն իր հետևից գալիս է: Սկզբից ուշադրություն չի դարձրել, սակայն հետզհետե զգացել է, որ շունն իրեն լավ չի պահում, մռնչում էր և իր վրա հարձակման փորձեր կատարում: Շունը նստել էր սենյակներից մեկի դռան մոտ, սենյակի մոտով անցնելու ժամանակ կրկին մռնչացել է և փորձել հարձակվել, ոտքով խփել է, որից նա ավելի է ագրեսիվացել ու հարձակվել իր վրա: Ինքը վախից մտել է սենյակ ու բարձր գոռացել: Սուրիկ Աղաջանյանը մոտեցել է իրեն և հարցրել, թե ինչ է պատահել, իսկ ինքը կրկին գանգատվել է, որ շունը հարձակվել է իր վրա: Վախեցած` վազելով դուրս է եկել սենյակից ու գնացել խոհանոց: Վախից սկսել է դողալ, ճնշումը բարձրացել է: Այնուհետև աղջիկներից լսել է, որ շանը վախեցնելու համար ինչ-որ բան են արել, սակայն ինքը ոչնչից տեղյակ չէ»։

Վերը նշված պատճառաբանություններով դատարանը գտել է, որ ապացուցված չէ այն փաստը, որ ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը` կենդանուն դաժան կան ցավոտ մահ պատճառելը:

Դատախազությունից հայտնում են, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել