Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գորն ըստ մեղադրանքի` Նինա Ժ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը երեքի սահմաններում իր բնակության՝ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 36 հասցեում գտնվող տան խոհանոցում ծննդաբերել է իրեն անցանկալի իգական սեռի կենդանի, կենսունակ, հասուն երեխա, ապա հիշյալ փաստն իր հարազատներից թաքցնելու և նորածնին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ձեռքի տակ ունեցած վերնազգեստով փակել է նորածնի շնչառական ուղիները, շնչահեղձ արել, սպանել է նրան և դիակը թաքցրել խոհանոցի բազմոցի հետնամասում:
Այնուհետև հարազատների կանչով ժամանած շտապ օգնության աշխատակիցներին հայտնել է, որ իր մոտ տեղի է ունեցել հղիության ընդհատում, նրանց կողմից տեղափոխվել է Վանաձորի ծննդատուն։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net