Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է Սանկտ Պետերբուրգում երկրի հյուպատոսին կալանավորելու կապակցությամբ և հայտարարել է Կիևում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին արտաքսելու մասին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Շաբաթ առավոտյան Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին ձերբակալելու մասին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին և տեղեկացրել, որ Սոսնյուկին առաջարկվում է 72 ժամվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը:
«Մենք մեր խիստ բողոքն ենք հայտնում Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակցին ապրիլի 16-ին ապօրինի ձերբակալելու և Ռուսաստանի Դաշնության տարածքը լքելու մասին հրաման տալու կապակցությամբ: Մենք ամբողջությամբ բացառում ենք առաջադրված մեղադրանքները հյուպատոսի դեմ », – ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները «կոպտորեն խախտում են» Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և «հաստատում են այն ուղին, որը Ռուսաստանն ընտրել է Ուկրաինայի հետ հետագա սրման համար»:
Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Կիևում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետը, ինչպես Ռուսաստանից վտարված ուկրաինացին, պետք է երկիրը լքի 72 ժամվա ընթացքում: