Այսօր հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։
Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։
————
Հրապարակվել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի նամակը Կարեն Դեմիրճյանին, որը սկիզբ դարձավ «Միասնություն» դաշինքի ձևավորման համար․
«Մեծարգո պարոն Դեմիրճյան,
ՀՀԿ խորհրդի և ԵԿՄ վարչության անունից լիազորված եմ դիմել Ջեզ հետևյալ առաջարկությամբ:
Խորապես մտահոգված լինելով մեր երկրի ու պետականության ապագայով՝ համոզված ենք, որ Դուք և Ձեր կուսակցության սկզբունքային դիրքորոշումները՝ համախումբ ուժերով երկրի քաղաքական պատասխանատվությունն ստանձնելու և իրականացնելու առումով, այլընտրանք չունի: Ուսումնասիրելով ՀԺԿ դիրքորոշումները՝ սկզբունքային քաղաքական, տնտեսական, բարոյական խնդիրների և դրանց լուծման ուղիների առումով, տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները մեծապես նույնանում են:
Միանշանակ է, որ շրջադարձային այս ծանր ու պատասխանատու իրավիճակում ոչ մի առանձին քաղաքական ուժ կամ անհատ ի վիճակի չէ երկիրը բարձրացնել դժվարին կացությունից: Անցած տարիների անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը հենց ուժերի փոշիացումն էր: Այսօր ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժետ է մեր ժողովրդի և հասարակական-քաղաքական ուժերի և անհատների առավել միասնություն ու համախմբում: Անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնելու կամք ունեցող քաղաքական դաշինքի ձևավորում, որի գործունեության առանցքը կդառնա երկրի դուրս բերումը ծանր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակից, արդարության, հանդուրժողականության մթնոլորտում կապահովվի ժողովրդավարական ուղիներով երկրի զարգացումը, տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, մեր պետականության ամրապնդումը: Մի գաղափարի, որին պետք է տրվի համաժողովրդական այնպիսի նշանակություն, ինչպիսին վերջին տարիներին ստացել է Արցախի ազատագրման գաղափարը:
Մենք, որ կյանք ու արյուն չենք խնայել պատերազմի դաշտում, ամեն կերպ նպաստել ենք հաղթանակի ու խաղաղության կայացմանը, շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը հերոսության այն դաշտից այսօր տեղափոխվել է տնտեսական դաշտ: Ուստի մեր ազնիվ դաշնությունն ենք առաջարկում՝ համատեղ լուծելու պետության ու ժողովրդի առջև ծառացած տնտեսական, քաղաքական և անվտանգ ապագայի ապահովման հիմնախնդիրները: Համոզված եմք, որ կենտրոնամետ դաշտում երկու ազդեցիկ քաղաքական ուժերի համագործակցությունը, փորձի և հմտության միատեղումը, Ձեր՝ ակնառու պետական, քաղաքական գործչի ամենաակտիվ մասնակցությունը մեր նորօրյա պետականության կերտման գործընթացում, հնարավորություն են ընձեռնում հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները:
Ակնհայտ է, որ հասարակական համերաշխության, վստահության անկյունաքարը հանդիսանալու են Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները: Մենք պարավոր ենք ապահովել ազատ, անկախ, քաղաքակիրթ ընտրություններ: Քաղաքական առճակատումն իր տեղը պետք է զիջի հասարակական համաձայնությանը: Ահա այս բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհին առաջարկում ենք ՀՀԿ և ՀԺԿ ամենասերտ համագործակցությունը:
Հուսով ենք, որ մեր առաջարկությունը ՀԺԿ վարչության, բոլոր անդամների և Ձեր կողմից կգնահատվի որպես երկրի ապագայի նկատմամբ մտահոգության ու պատասխանատվության դրսևորում»։