Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աղայան 7 շենքը մորս ճիչն էր լսում…
Բաղրամյան փողոցում կրակոցի ձայներ են…
Բաղրամյանում էր իր 19 տարեկան աղջիկը՝ ես (մայրս տուն էր գնացել իմ համար ավելի հարմար կոշիկներ բերելու) ընկերները, հարազատները,
Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացիները…
2004 թվականն էր, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերն էր, 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ տեղը զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցներս, չընդունելով ընտրությունների արդյունքները, հանրահավաքներ սկսեցինք: Դիմեցինք Սահմանադրական դատարան, որը մերժեց հայցը, բայց առաջարկեց խորհրդարանին Հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանն ու մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, ընդդիմության լիդերներն առաջնորդեցին դեպի նախագահական նստավայր, բայց ԱԺ-ի շենքի դիմաց ցուցարարների բազմությանը սպասում էին ոստիկաններն ու փշալարերը. ընդամենը ժամեր հետո անջատվեցին լույսերը,մահակներով ոստիկանական խմբերը Բաղրամյան փողոց դուրս եկան ԱԺ-ի շենքի բակից և սկսեցին դաժանաբար ծեծել անզեն ժողովրդին, գործի դրվեցին ջրցան մեքենաները, էլեկտրաշոկերը, նռնակները, ծեծվում էինք բոլորս` լրագրողներ, պատգամավորներ, ծերեր ու երիտասարդներ…
Բաղրամյանում էինք «Հանրապետություն» կուսակցության բոլոր անդամներով` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, կուսկցության գրասենյակը մի քանի մետր հեռավորության վրա էր, որտեղ այդ պահին գտնվում էր շտաբի պետ, այժմյան ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Երբ սկսվեց ոստիկնների շարժը, շտապեցի տեղեկացնել նրան Բաղրամյան պողոտայի անհանգիստ վիճակի մասին, բայց մեր կուսակցության գրասենյակն արդեն պաշարված էր, ներսում էր Կենտրոնի ոստիկանապետ Թամամյանը, ով ձերբակալում էր ներսում գտնվող բոլոր տղամարդկանց… րոպեներ հետո գրասենյակում մնացինք 13 կին և երիտասարդ աղջիկներով, Արտակ Զեյնալյանի հետ, ով համակարգչի դիմաց միջազգային կազմակերպություններին տեղեկացնում էր իրավիճակը։ Մի քանի րոպե հետո կոտրվեցին գրասենյակի պատուհանները, ներս մտան հրահանգ կատարող բորենիները, ավիրեցին ամբողջ գույքը, Զեյնալյանին անմարդկային կերպով տարան, 13 կանանց նստեցրեցին անհասկանալի բեռնատար մեքենայի նմանվող մի մեքենա… գնում էինք անհայտ ուղղությամբ, հետո պարզվեց Էրեբունու ոստիկանության բաժնում ենք (մայրս մեր հետ էր, հասցրել էր գալ գրասենյակ), բոլոր 13-ս տարբեր սենյակներում էինք… ամեն մեկս լսում էր մյուսի ճիչը… Նվերը` Էրեբունու ոստիկնապետը, շրջում էր սենյակներով ու անմարդկային հարվածներ հասցնում բոլորիս (մեղմ ասած)…
Ես ու մայրս բոլորից երկար մնացինք `2 օր…
Բոլոր 13-ս ունենք այդ օրվա մեր դաժան պատմությունը. մայրս էլ չկա, կարծում եմ այդ օրվա ապրումները դարձան հիվանդության պատճառը, այդ օրը ամեն մեկիս ճակատագրի վրա դաժան դաջվածք թողեց ու այդ դաջվածքն է, որ ինձ ստիպել է պայքարել մինչ օրս անարդարության, դաժանության ու թրքանման «հայերի» դեմ…
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել…»։