Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքը, որի ընդունման դեպքում ակնկալվում է, որ առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները բնության մեջ պատահական տրամախաչումների արդյունքում կարող են տարածել ներմուծված կամ փոփոխված գեները՝ սպառնալով տեղական և վայրի բուսատեսակների կենսաբազմազանության գենետիկական ինֆորմացիայի պահպանմանը:
Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան և 2004 թվականին Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիան՝ «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունը, որոնցով ստանձնել է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ իրավական, վարչական ու այլ միջոցներ կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ և շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը։
Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել ԳՁՕ-ների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, սննդամթերքի անվտանգության վրա:
Օրենքի խնդիրներն են`
1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված շրջակա միջավայրի, մարդու առողջության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության կանխարգելումը:
2) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հասարակության իրազեկման ապահովումը: