ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․
«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվող բացասական ջերմաստիճանները, հորդորում ենք բացօթյա սածիլում չկատարել»։
Հիշեցնենք, որ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում կունենանք, նորից տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Այդ օրը կունենանք ջերմաստիճանի կտրուկ անկում, մոտ 7-10 աստիճանով ջերմաստիճանը կնվազի և արդեն ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում, անձրևի տեսքով տեղումներ սպասվում են միայն հովտային գոտիներում։
Մինչև ամսի 27-ը ներառյալ եղանակի պարզեցում չի սպասվում, միայն ամսի 28-ից սկսած է, որ 2-3 օր հնարավոր է տեղումները դադարեն, եղանակի պարզեցում լինի։ Գիշերային ժամերին դա ջերմաստիճանի անկմամբ կուղեկցվի, չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը մոտենա -1, -2 աստիճանի։