Մարտ ամսին՝ այսօրվա դրությամբ, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմերի սահմաններում է, տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ավել է։
Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս տարվա մարտը աչքի է ընկում եղանակային բավականին մեծ եղանակային պայմանների փոփոխություններով, մենք ականատես ենք լինում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների, կտրուկ անկումների, որը նաև գիտականորեն բացատրելի է և ունի իր գիտական բացատրությունը։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարի Ռուսաստանի եվրոպական հատվածում մենք ունեցել ենք խիստ ցուրտ ձմեռ, ներկա պահին այդ շրջաններում և ցածր ջերմային ֆոնը և ձնածածկույթը պահպանվում է, հյուսիսից եկող արկտիկական հոսանքերը՝ անցնելով Ռուսաստանի եվրոպական հատվածով, փաստորեն, չեն ձևափոխվում, չեն տաքանում, և գրեթե նույն ուժգնությամն թափանցում են հանրապետություն և դրա համար առանձին օրերին նկատվում են ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան տեղումներ, բուք, քամու ուժգնացում և այլն»,-ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով, առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում, մարտի 23-ի երեկոյան սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք, երեկոյան ժամերից ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, այդ ցիկլոնը Հայաստանում կգործի մինչև ամսի 25-ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա, նախալեռներում ու հովտային գոտիներում տեղումները սպասվում են անձրևի տեսքով։
«Առանձին հատվածներում վաղը բավականին ինտենսիվ, հատկապես հանրապետության կենտրոնական շրջաններում՝ Արագածոտնի, Կոտայքի մարզերում, կուղեկցվեն ամպրոպներով, սպասվում են քամու ուժգնացումներ, պոռթկումները մինչև 20-25 մ/վ։ Մարտի 26-ին մի փոքր այդ պրոցեսը կթուլանա, տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ ահա 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում կունենանք, նորից տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Այդ օրը կունենանք ջերմաստիճանի կտրուկ անկում, մոտ 7-10 աստիճանով ջերմաստիճանը կնվազի և արդեն ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում, անձրևի տեսքով տեղումներ սպասվում են միայն հովտային գոտիներում»,-ասաց կենտրոնի փոխտնօրենը։
Մինչև ամսի 27-ը ներառյալ եղանակի պարզեցում չի սպասվում, միայն ամսի 28-ից սկսած է, որ 2-3 օր հնարավոր է տեղումները դադարեն, եղանակի պարզեցում լինի։ Գիշերային ժամերին դա ջերմաստիճանի անկմամբ կուղեկցվի, չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը մոտենա -1, -2 աստիճանի։
Մանրամասները՝ տեսանյութում