Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:
Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր: Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:
«Վարչական ակտը կարող է ընդունվել նաև այլ ձևերով՝ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով:
Օրինակ, ճանապարհային երթևեկը կարգավորող լուսացույցի գունային ցուցիչը հանդիսանում է լուսային վարչական ակտ, արագությունը սահմանափակող նշանը՝ պատկերային»,-Իրավաբան.net-ին տեղեկացրեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net