Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարո՞ղ ա ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Այս մասին Երևանի ավագանու նիստում, ամբիոնի մոտից հայտարարեց «ԲՀԿ» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը․ «Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին և ընտանիքի անդամներին։ խոսքերով է դավաճանել: Ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»։
Ներսիսյանի հայտարարությանը արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ, Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ․) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք «մեյդան», քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»:
Արմեն Ներսիսյանը պատասխանեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:
Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը տեղից իջավ եւ առաջացավ դեպի դահլիճի կողմը: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց: Մի քանիսն էլ բաժանում էին, որ ծեծկռտուք չլինի: Ավագանու անդամներից մեկը մյուսին դուրս էր հրավիրում հաշիվներ պարզելու:
«Արի դուս, հլը», -հայտարարեց ԲՀԿ-ականներից մեկը «Իմ քայլի» անդամին:
Հայկ Մարությանը հայտարարեց. «Ոչ մեկ ոչ մի տեղ դուրս չի գալիս. 15 րոպե ընդմիջում»: Նրա խոսքից հետո հենց քշքշոցի պահին անջատվեց ուղիղ միացումը, որն ապահովում է քաղաքապետարանը: