ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է․
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Թեհրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը․ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի։
Այն հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ պետք է օդանավը վերադարձվի, Հարությունյանը նշեց՝ այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փետրվարի 23-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
Այնուհետև նշվեց, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։
Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս խոսեց կորած օդանավի մասին։
Ավինյանը պատասխանատուների անուններ է տվեց։
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:
«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,- ասաց Տիգրան Ավինյանը: