Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 միլիոն դրամ

ՀՀ կառավարության` 257,5 միլիոն դրամ ներդրմամբ` Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերում իրականացվում են գազատար խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարությունը։

«Ագարակ բնակավայրում ներդրումը կազմում է 128 միլիոն 941 հազար դրամ, որով մոնտաժվում է 10 112 գծամետր խողովակաշար։ Ագարակում կա 1235 տնտեսություն, 4618 բնակիչ։ Բնակավայրի չգազաֆիկացված թաղամասերն այս ծրագրով ամբողջությամբ կապահովվեն կապույտ վառելիքով։

Մեղրի բնակավայրում ներդրումը կազմում է 72 միլիոն 510 հազար դրամ, որի շնորհիվ 1338 տնտեսություն և 4470 բնակիչ ունեցող համայնքի` գազ չունեցող թաղամասերը կգազաֆիկացվեն։ Մոնտաժվում է 4553 գծամետր խողովակաշար։

Լեհվազ բնակավայրում այս ծրագրի շրջանակում ներրդվել է 56 միլիոն 215 հազար դրամ, որով մոնտաժվել է 5151 գծամետր խողովակաշար։ Ագարակում տնտեսությունների թիվը 150 է` 612 բնակչով։

Բացի բնակիչներից` ծրագրի շահառու են նաև 38 տնտեսվարող, 3 դպրոց և 5 մանկապարտեզ, որոնք ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից։

Ընդհանուր առմամբ մոնտաժվում է 19816 գծամետր խողովակաշար։ Մեղրի միավորված համայնքի բնակչության թիվը 12 297 է։Կատարվող աշխատանքների շնորհիվ կապույտ վառելիքը կհասնի 9700 բնակչի, որը կազմում է միավորված համայնքի բնակչության 78,8 տոկոսը։

Աշխատանքներն իրականացվում են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` կառավարության ֆինանսավորմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել