Վարչապետի աշխատակազմը մշակել է նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին, որը ենթակա է վարչապետին։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Օրենքի նախագծի առաջին հոդվածում ասվում է․
««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «պետական պահպանության ծառայության ղեկավարին» բառերը փոխարինել «վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետին» բառերով»:
Նշենք, որ օրենքի նախագիծը դեռ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։