Բազմազավակ ընտանիքների համար մի քանի աջակցության տեսակներ են նախատեսվում․ նոր օրենք կընդունվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացմա։

Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ:

«Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն, բազմազավակ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել և (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա/զավակ: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները,

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

Օրենքի համաձայն, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝

  • դրամական աջակցություն,
  • առողջության ապահովագրություն,
  • բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,
  • բնակարանի/տան տրամադրում,
  • կրթության վճարի փոխհատուցում,
  • պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,
  • աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Այսպիսով՝ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել